Անգլիայում ընդամենը մեկ թիմ կա, որը դեռևս ունակ է խանգարելու լեստերյան հեքիաթի իրականություն դառնալուն, արդեն իսկ մայիսի մեկին «Յուվենտուսը» կարող է հինգերորդ անգամ անընդմեջ հռչակվել սկուդետոյի չեմպիոն, և սա՝ մրցաշրջանում ունեցած այդքան անհաջող մեկնարկից հետո, «Բարսելոնի» «թեթև» ձեռամբ լա լիգայում չեմպիոնության համար կատաղի մրցավազքն ամենայն հավանականությամբ կավարտվի մրցաշրջանի ավարտի հետ, իսկ բունդեսլիգայում ու ֆրանսիական դիվիզիոնում ամեն ինչ վաղուց հայտնի է նույն այդ առաջին տեղում ում կամ ով-ի լինելու կտրվածքով:
ԱՆԳԼԻԱ
Նախ՝ լեստերյան հեքիաթի հետ կապված:
Չլիներ նախորդ տուրում «Վեստ Հեմի» հետ հանդիպմանը եղած միավորի կորուստն ու լիներ այս տուրում «Սուոնսիի» նկատմամբ եղած հաղթանակը՝ անգլիական այս ավելի քան համեստագույն ակումբը, որ նախորդ մրցաշրջանում պարզապես հրաշքով փրկվեց պրեմիեր լիգայից դուրս թռչելուց, հաջորդ տուրում մարզասերին վստահաբար կարող էր ներկայանալ չեմպիոնական հանդերձով, որը, կասկած չունենաք, պատրաստ դրված է հանդերձարանում:
Կասկածներին, թե վեստհեմյան հանդիպումից հետո առանց որակազրկված Վարդիի թիմն ի՞նչ կանի, Կլաուդիո Ռանիերիի սաները պատասխանեցին մրցակցի դարպասի չորս անպատասխան գրավումով, ինչը, ի դեպ, մրցաշրջանում հաղթանակների առյուծի բաժինը նվազագույն հաշվով ավարտած ակումբի պատմության մեջ ամենագոլառատը եղավ: Ահա այսպիսի կատաղած «Լեստեր», որն ընթացիկ մրցաշրջանում հավակնում է լինելու ոչ միայն անգլիական, այլև եվրոպական ֆուտբոլային գերտերությունների սենսացիան:
Դառնանք «Տոտենհեմին»:
Պոչետինոյի սաները նույնպես «սամալյոտի» մսի փափագով են ապրում (35-րդ տուրի նրանց հանդիպումը երեկ էր, «Վեստ Բրոմվիչի» հետ), սակայն շատ ավելի առաջնային խնդիր է ոչ այնքան «Լեստերից» ութ միավորով հետ մնալը նորից հինգի հասցնելը, որքան 64-ական միավորով հետապնդման ելած «Մանչեստր Սիթիից» ու «Արսենալից» կտրվածությունը չորս միավորից յոթը դարձնելը: Ինչ խոսք, որ հաղթանակը երկու դեպքում էլ նույն էֆեկտն է ապահովում, բայց եկեք ավելի շատ ռեալություն տեսնենք վերջին երկուսից պոկվելու խնդրի մեջ:
Ինչ վերաբերում է «Մանչեստր Սիթիի» ու «Արսենալի» ունեցած միավորներին, դրանք այդպիսի թվային տեսք ստացան այն բանից հետո, երբ «Սիթին» 4:0 հաշվով պարտության մատնեց «Ստոկին», իսկ «Արսենալը» «կարողություն» ունեցավ միավոր վաստակելու «Սանդերլենդի» հետ անատամ հանդիպումում՝ 0:0: Եթե այսպես շռայլորեն միավորներ ցաքուցրիվ անելու խելահեղություն այլևս չդրսևորի «Արսենալը», երրորդ տեղի համար պայքարի ամփոփման հանգուցալուծմանն ականատես կլինենք շատ շուտով, ասել է թե՝ 37-րդ տուրում, երբ Վենգերի սաները սրերը կմերկացնեն բրոնզի համար իրենց թիվ մեկ մրցակցի հետ մրցակցությունում, իհարկե, եթե նրանք արդեն իսկ հաշտ ու խաղաղ չեն չորրորդը լինելու կոմպլեքսի հետ:
Անգլիական թեման եզրափակենք «Կրիստալ Պալաս»-«ՈՒոտֆորդ» գավաթային հանդիպման հիշատակումով: Հյուրերի նկատմամբ հաղթանակի հասնելով 2:1 հաշվով՝ Ալան Պարդյուիի սաները դարձան եզրափակչի երկրորդ մասնակիցը, որտեղ էլ գավաթը կվիճարկեն «Մանչեստր Սիթիի» հետ: Հետաքրքրական է, որ քսանվեց տարվա ընդմիջումից հետո «Կրիստալ Պալասն» առաջին անգամ է հայտնվում եզրափակչում: Այն ժամանակ առաջին խաղում հաղթել է «Պալասը» (մրցակիցը եղել է «Մանչեստր Յունայթեդը»), ու գոլի հեղինակը եղել է… Ալան Պարդյուն:
ԻՍՊԱՆԻԱ
Վերջին շրջանի խելահեղություններից ձերբազատված (գոնե այս մրցաշրջանում, հուսանք, մեկընդմիշտ) «Բարսելոնը», որ այնպես անակնկալ ինտրիգ մտցրեց ոսկու համար պայքարում, 35-րդ տուրում էլ գոլառատ հանդիպման հեղինակ դարձավ: Խիխոնի «Սպորտինգի» նկատմամբ 6:0 հաշվով հաղթանակը նախորդ տուրում ունեցած 8:0-ի հմայքը, բնականաբար, չուներ, բայց դե պակաս տպավորիչ էլ չէր: Առանձնահատուկ նշենք Լուիս Սուարեսի երկրորդ անընդմեջ պոկերը, որը գոնե իսպանական առաջնությունում չլսված բան էր:
Հաղթանակով ավարտեցին հանդիպումները նաև «Աթլետիկոն» ու «Ռեալը»: Առաջինը նվազագույն հաշվով առավելության հասավ «Մալագայի» նկատմամբ, երկրորդը կամային հաղթանակ ունեցավ «Ռայո Վալեկանոյի» հետ մրցակցությունում՝ 3։2: «Բարսելոնն» ու «Աթլետիկոն» ունեն 82-ական, «արքայականը»՝ 81 միավոր:
ԳԵՐՄԱՆԻԱ
Տուրից տուր ակնհայտ է դառնում, որ այնքանով էլ «Հերտայի» հագով չէ երրորդ տեղը ու դրա համար դեռ պիտի «ջանի» գալ: «Հերտային» 49 միավորով այս անգամ էլ «Բավարիան» թողեց՝ 2։0: Հաջորդ տուրում, ինչ խոսք, բեռլինցիները կփորձեն հակառակն ապացուցել երրորդ հորիզոնականում բավական տաքուկ տեղավորված, 54 միավոր ունեցող «Բայերի» հետ մրցակցությունում (լևերկուզենցիներն արտագնայում 3:2 հաշվով հաղթել են «Շալկեին»), սակայն այդ հաղթանակը նրանց հետ մնալը հինգից կարող է հասցնել ընդամենը երկու միավորի, որը դեռ պիտի մնացած խաղերում կարողանան հալեցնել: Ինչևէ:
Հաղթական հանդիպում ունեցավ և Դորտմունդի «Բորուսիան»: «Շտուտգարտի» հետ հանդիպումը տպավորիչ էր թե որակական առումով, թե արձանագրված հաշվով՝ 3։0: Տպավորիչ էր և մեր տղան՝ Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ երրորդ գոլի հեղինակը: Ահա թե ինչպիսի նվեր ենք հայերս գերմանական ֆուտբոլին տվել, գերմանացիներն էլ երկրի նախագահի մակարդակով, գիտեք, ինչպես արձագանքեցին ապրիլքսանչորսյան մեր ազգային ողբերգությանը:
«Բավարիան» ունի 81, «Բորուսիան»՝ 74 միավոր: ՈՒ թեև չեմպիոնական մրցավազքում այստեղ ամեն ինչ ակնհայտ է, սակայն նույնը չես կարող ասել գավաթի խաղարկության առնչությամբ, որը երրորդ տարին անընդմեջ լինելու է այս երկու թիմերի մասնակցությամբ: Որքան էլ ոմանց համակրանքը լինի «Բավարիայի» կողմը, բոլոր դեպքերում բոլորիս ցանկությունն է գավաթը տեսնել Հենրիխ Մխիթարյանի ձեռքում:
ԻՏԱԼԻԱ
Սկուդետոյում ոչ մեկին բախտ չի վիճակվում կասեցնելու «Յուվենտուսի» հաղթական ընթացքը: Սեփական հարկի տակ «Ֆիորենտինան» մի պահ կարծես թե մոտ էր միավոր կորզելուն, սակայն երկու րոպե տարբերությամբ «ծեր սինյորան» կարողացավ վերականգնել հաշվում իր առավելությունն (2։1) ու միավորների թիվը հասցնել 81-ի:
Երեկ կայացավ Իտալիայի առաջնության 35-րդ տուրի թերևս կենտրոնական՝ «Ռոմա»-«Նապոլի» հանդիպումը: Դժվար է հավատալ, որ 73 միավոր ունեցող «Նապոլին» ոսկու համար պայքարում ի վիճակի է ձեռնոց նետելու «Յուվենտուսին», սակայն որ այդ հանդիպումը կարող էր վերջնականապես որոշել երկրորդ-երրորդ տեղերի ճակատագիրը, այստեղ երևի թե երկմտել հնարավոր չէ: Ասենք, որ իտալական «գայլերն» ունեին նեապոլցիներից հինգ միավորով հետ մնալը երկուսի հասցնելու հնարավորություն:
ՖՐԱՆՍԻԱ
Ի դեմս «Պարի Սեն Ժերմենի», դիվիզիոնում, գիտեք, չեմպիոնական «գոտու» համար պայքարը վաղուց ավարտված է, ու մնացածներին մնում է մնացածը: Արծաթե ու բրոնզե մեդալների համար պայքարն այստեղ ավելի քան կատաղի է, ու գրեթե յուրաքանչյուր տուր իր խմբագրումներն է մտցնում մրցաշարային աղյուսակում: Այս պահի դրությամբ երկրորդ հորիզոնականում արտագնայում «Թուլուզի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակի հասած «Լիոնն» է: Նույնքան՝ 59 միավոր ունի և երրորդ հորիզոնական նահանջած «Մոնակոն», որը «Ռենի» հետ արտագնայից տուն վերադարձավ մեկ միավոր վաստակած՝ 1:1: Ընթերցողին ասենք, որ մեդալների համար պայքարում խաղից դուրս չեն և 57-ական միավոր ունեցող «Նիցցան» ու «Սենտ Էտիենը»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ